Ինչպես մեկ ընտանիք

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում կայացավ կենտրոնի նոր կայքէջի շնորհանդեսը։


Միջոցառմանը ներկա էին կենտրոնի հիմնադիր Հարութ Ներսեսսյանը տիկնոջ՝ Սալբի Ներսեսսյանի հետ, կենտրոնի առաջին պատասխանատու Սյունե Հարությունյանը դստեր՝ փոքրիկ Արիանայի հետ, կենտրոնի բարեկամներ՝ տնտեսագետ Սառա Դեմիրճյանը, ՏՏ մասնագետ Նարեկ Թութիկյանը, Կյանքի հմտությունների դպրոցի սաներ, շրջանավարտներ։

Կենտրոնի պատասխանատու Գոռ Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ օրը տոնական է, քանզի մեկտեղ են հավաքվել հիմնադրումից ի վեր կենտրոնի կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդիկ։

Ներկայացնելով հյուրերին՝ Գոռ Հովհաննիսյանը խոսքը փոխանցեց ՀԱԸ մեդիա համակարգող Սուրեն Սահակյանին, ով lyd.am կայքի նոր տարբերակի հեղինակն է։ Նրանք երկուսով հանդիսավորապես գործարկեցին կայքէջը, եւ Սուրեն Սահակյանը պատմեց կենտրոնի նոր կայքի բովանդակության եւ տեխնիկական հնարավորությունների մասին։

Այնուհետեւ ելույթ ունեցավ կենտրոնի հիմնադիր Հարութ Ներսեսսյանը՝ շնորհակալություն հայտնելով երիտասարդներին իրենց նախաձեռնության համար։ Պրն Ներսեսսյանը ևս մեկ անգամ սիրով ողջունեց բոլոր հյուրերին և իր ուրախությունը հայտնեց այս գեղեցիկ միջոցառման առիթով։

Ջերմ մթնոլորտում ներկաները շարունակեցին իրենց շփումը հյուրասիրության սեղանի շուրջ՝ հիշելով կենտրոնի հիմնադրումից ի վեր ունեցած քաղցր օրերը, նաև մշակելով ծրագրեր՝ հետագա արդյունավետ համագործակցության համար։

Comments

comments