Ի՞նչ է տալիս «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը

Ուսանողական վառ և գեղեցիկ տարիները մեզ մոտ հաճախ են խամրեցնում միտքը, որ հնարավոր է՝ իրականությունից հեռանում ենք:

Համալսարանում մենք լավ թե վատ սովորելով, ձեռք ենք բերում գիտելիքներ, մասնագիտական տեսությունների ենք ծանոթանում:

Այնուհետև մեծ հույսից հիասթափությունը, որ ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի ենք անցնելու, մեզ նոր և անցանկալի փաստերի առաջ է կանգնեցնում:

Պատնեշը, որ ստեղծվում է, կապված է աշխատաշուկայի և համալսարանական կրթության անհամատեղելիության հետ: Ստացվում է մի իրավիճակ, որ մենք չգիտենք, թե ինչպես կարող ենք կիրառել մեր գիտելիքները օբյեկտիվ իրականության աշխատաշուկայում:

Հենց այս ժամանակ է հիմնականում, որ երիտասարդների մի մասը, պարզապես տեղում կանգնած մնալով, շարունակում է կարծել, որ ինքը պատրաստ է ամբողջությամբ, զինված է գիտելիքներով, սակայն ոչ ոք իրեն չի ընդունում աշխատանքի, քանի որ չունի այնպիսի մի ծանոթ, բարեկամ, ով իրեն կօգնի աշխատանքի տեղավորման հարցում, իսկ մյուս մասը գիտակցում է, որ մի շատ կարևոր բան իր կյանքում հասցրել է բաց թողնել, այն է՝ իր հաջողության  համար բացակայում  են  կյանքի հմտություններ:  Հասկանում է, որ առանց շարունակական աճի, առանց նոր հմտությունների ձեռքբերման, պարզապես չի կարող  առանցքային դեր ստանձնել իր համար անգամ ամենացանկալի աշխատավայրում:

Համալսարանն ավարտելու տարիներին ես գրեթե ընկղմված էի երիտասարդների առաջին խմբի մեջ, սակայն, ի ուրախություն ինձ, այն երիտասարդների թվում հայտնվեցի, ով գիտակցեց կյանքի հմտություններ ունենալու մեծագույն կարևորությունը:

Աշխատանք փնտրելուն զուգահեռ ինձ համար սեփական կյանքիս մեջ մեծ ներդրում եղավ «Ապրի՛ր երազանքդ» կենտրոնում «Կյանքի հմտությունների դպրոց» սեմինարների շարքին մասնակցությունը:

Սեմինարը մարսելու և սեփականը դարձնելու համար մեծ ժամանակ է պահանջվում, սակայն արդյունքները հիանալի են:

Որպեսզի մեր ընթերցողի համար առավել հստակ լինի, թե ինչ է տվել ինձ «Ապրի՛ր երազանքդ» կենտրոնը, փորձենք համեմատական անցկացնել նախկին և ներկայիս Նարինեի միջև:

1. Նախկինում ես հակված էի մտածել, որ իմ անձնական կյանքը կառուցելու համար ես անպայման լավագույնին եմ արժանի՝ կասկածի տակ չդնելով անգամ իմ՝ լավագույնը լինելու հարցը: Դա ինձ երբեք առաջ չմղեց: Այժմ ես շարունակաբար մտածում եմ իմ աճի, զարգացման հարցի շուրջ, քանի որ դա է կատարելագործում  ինձ:

2. Նախկին Նարինեն աշխատանքային հարաբերությունների կառուցման հարցում չէր դնում հաղթանակ-հաղթանակ սկզբունքը, իսկ այժմ հստակ է մի բան, որ դու ինքդ պետք է առաջին հերթին քեզ, երկրորդ հերթին աշխատակցիդ մղես շարունակական աճի: Դա հանգեցնում է արդյունավետ փոխհամագործակցության:

3. Նախկին Նարինեն փորձում էր միշտ ամենասկզբում լինել հասկացված, ներկայումս ես փորձում եմ առաջին հերթին հասկանալ:

4. Նախկին Նարինեն աշխարհայացքի մեկ ձև ուներ՝ չմտածելով այն փոփոխելու կարևորության մասին: Աշխարհայացքի փոփոխությունը քեզ հաջողակ կյանքի քարտեզ է տալիս, որը մինչ այդ դու չունեիր:

5. Համեմատությունները նախկինի և ներկայի միջև շատ ավելին  են:

Ի ուրախություն ինձ, այն երիտասարդների թվում հայտնվեցի, ով գիտակցեց կյանքի հմտություններ ունենալու մեծագույն կարևորությունը

Սիրելի ընթերցող, ես քաջալերում եմ քեզ լինել բաց մտքով, փորձել կողքից դիտարկում անել սեփական անձի շուրջ և կտեսնես, թե որոնք են քո բացթողումները: Կոչ եմ անում լինել համարձակ և հարցնել ինքդ քեզ, թե «Ո՞վ եմ ես»: Դա քեզ նոր ընթացքի կմղի, նոր և արդյունավետ ընթացքի:

Հեղինակ՝ Նարինե Գալստյան

2016-17թթ․ «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի ադմինիստրատիվ գործերի պատասխանատու։

Comments

comments